Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 18-ի նիստում որոշեց 15 մլն 700 հազար դրամ հատկացնել Հայաստանի պատմության թանգարանում «Մայր աստվածությունԱնահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության հանրահռչակման համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2024-ին արդեն փաստաթղթային հիմքերի վրա դրվեց Բրիտանական թանգարանի հետ համատեղ «Մայր աստվածություն Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանում իրականացնելու ծրագիրը՝ առաջին անգամ Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված Սատաղղից գտնված և Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխը ու ձեռքը: 

Դրանք Հայաստանի պատմության թանգարանում պահպանվող տասնյակ տարբեր ժամանակաշրջաններին պատկանող մայրության թեմային վերաբերող հնագիտական, ազգագրական, դրամագիտական, արվեստի ցուցանմուշների հետ համադրությամբ՝ կցուցադրվեն Հայաստանում՝ Հայաստանի պատմության թանգարանում

Այս կարևոր միջոցառումը պատշաճ հանրայնացնելու կարևորությունից ելնելով՝  անհրաժեշտ է ցուցահանդեսին ընդառաջ իրականացնել նաև թվային, ֆիզիկական գովազդային արշավ՝ համապատասխան մարքեթինգային գործիքակազմով

Ցուցահանդեսի հանրահռչակման ազդագրերը կտեղադրվեն Երևանում, իսկ թվային տեխնոլոգիաներով հանրահռչակումը՝ հանրապետության ողջ տարածքով

Ցուցահանդեսի բացումը նախատեսված է 2024 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում:

Ակնկալվում է, որ ցուցադրության վեց ամիսների ընթացքում թանգարանը կունենա նվազագույնը 300 000 այցելու, իսկ հանրահռչակման արդյունքում՝ 800 000 - 1000 000 մարդ տեղեկացված կլինի ցուցահանդեսի մասին: