Ուկրաինան պատրաստ է «ռացիոնալ» բանակցություններ վարել Ռուսաստանի հետ՝ պատերազմը դադարեցնելու համար, Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

«Ուկրաինական կողմը պատրաստ է երկխոսություն և բանակցություններ վարել ռուսական կողմի հետ։ Իհարկե, բանակցությունները պետք է լինեն ռացիոնալ և ունենան գործնական նշանակություն՝ ուղղված արդար և կայուն խաղաղության հասնելուն»,- ըստ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգի, նշել է ուկրաինացի դիվանագետը։

Վան Ին պատասխանել է՝ նշելով, որ և՛ Մոսկվան, և՛ Կիևը «տարբեր աստիճաններով» բանակցությունների պատրաստակամություն են հայտնել։ «Չնայած դրա պայմաններն ու հնարավորությունները դեռ չեն հասունացել, մենք աջակցում ենք խաղաղությանը նպաստող բոլոր ջանքերին և պատրաստ ենք շարունակել կառուցողական դեր խաղալ հրադադարի և բանակցությունների վերսկսման համար», - ընդգծել է չինացի դիվանագետը։

Նախօրեին Ուկրաինայի արտգործնախարարը պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ ժամանել է Չինաստան և դարձել 2022 թվականի փետրվարից ի վեր Պեկին այցելած ուկրաինացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան։ Կուլեբան շեշտել է, որ իր այցի հիմնական նպատակը ռազմական հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների քննարկումն է։ Ըստ Reuters-ի՝ Կուլեբայի և Վան Յիի զրույցը տևել է ավելի քան երեք ժամ։