Մարոկկոյում ծայրահեղ շոգի հետևանքով կենտրոնական Բենի Մելալ քաղաքում վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 21 մարդ է մահացել, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը։

Օդերևութաբանության դեպարտամենտը հայտնել է, որ հյուսիսաֆրիկյան երկրի մեծ մասում երկուշաբթիից չորեքշաբթի ջերմաստիճանի կտրուկ աճ է գրանցվել՝ որոշ շրջաններում հասնելով 48 աստիճանի ըստ Ցելսիուսի:

«Բենի Մելալում մահացությունների մեծամասնությունը եղել է խրոնիկական հիվանդություններից տառապող մարդկանց և տարեցների շրջանում, քանի որ բարձր ջերմաստիճանը նպաստել է նրանց առողջության վատթարացմանը», - ասված է տարածաշրջանային առողջապահական մարմնի հայտարարության մեջ:

Կասաբլանկայից ավելի քան 200 կիլոմետր հարավ-արևելք ընկած Բենի Մելալում ջերմաստիճանը հինգշաբթի պահպանվել է 43 աստիճանի վրա: Օդերևութաբանության դեպարտամենտից հայտնել են, որ առաջիկա օրերին ջերմաստիճանի նվազում է սպասվում։