ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի Սպիտակ տանը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ Կոնգրեսում Նեթանյահուի ելույթից մեկ օր անց, որի ընթացքում կոչ է արել շարունակել աջակցել Իսրայելին ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում, հայտնել է CBS News-ը։

Սա Բայդենի՝ նախագահական ընտրապայքարից դուրս գալուց հետո օտարերկրյա առաջնորդի հետ առաջին հանդիպումն էր։

«Ես ուզում եմ երախտագիտությունս հայտնել ձեզ 50 տարվա պետական ​​ծառայության և Իսրայել պետությանը 50 տարի շարունակ աջակցելու համար», - ասել է Նեթանյահուն Բայդենին Օվալաձև աշխատասենյակում իրենց հանդիպումից առաջ: «Անհամբեր սպասում եմ առաջիկա ամիսներին մեր առջև ծառացած կարևոր հարցերի շուրջ մեր քննարկումներին»,-հավելել է նա:

«Ես նույնպես անհամբերությամբ եմ սպասում դրան»,- ասել է Բայդենը։

Հինգշաբթի ավելի ուշ Քամալա Հարիսը առանձին կհանդիպի Նեթանյահուի հետ, հայտնել են  Սպիտակ տնից: ԱՄՆ փոխնախագահը չի մասնակցել Նեթանյահուի ելույթին՝ պատճառաբանելով նախապես ծրագրված ուղևորությունը։ Նա հինգշաբթի առավոտյան Տեխասում է, որտեղ ելույթ է ունեցել Ուսուցիչների ամերիկյան ֆեդերացիայում: Մի շարք դեմոկրատներ հրաժարվել են մասնակցել Կոնգրեսում Նեթանյահուի ելույթին՝ իբրև Գազայի հատվածում Նեթանյահուի վարած պատերազմի դեմ անհամաձայնության ժեստ:

Մինչ Նեթանյահուն ելույթ էր ունենում, պաղեստինամետ ցուցարարները շրջապատել էին Կապիտոլիումի մերձակայքի Union Station-ը: Ցուցարարները հանել են Union Station-ի վերևում ծածանվող ամերիկյան դրոշները՝ դրանք փոխարինելով պաղեստինյան դրոշներով։