ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը ճշտում է  հայերի մասնակցությամբ մոսկովյան «Ստարի Բաքու» սրճարանում տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկատվության հավաստիությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է  դեսպանատան մամուլի քարտուղար Էդուարդ Ջամբազյանը:

Ըստ նրա` առայժմ տեղեկատվություն չկա: Հիշեցնենք, Մոսկվայի «Ստարի Բաքու» սրճարանում «հաշիվներ պարզելու» արդյունքում մեկ մարդ սպանվել է, 5-ը` վիրավորվել:

Ըստ «Ինտերֆաքսի»` 38-ամյա մոսկվացու մահվան պատճառ դարձած միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին: Սրճարանի անվտանգության 42-ամյա աշխատակիցը եւ 24-ամյա մոսկվացին վնասվածքներ են ստացել: Կրծքավանդակին ստացած հրազենային վնասվածքով եւ ուղեղի ցնցումով հիվանդանոց է տեղափոխվել նաեւ 20-ամյա մի երիտասարդ:

 

Հրազենային վնասվածքներ է ստացել նաեւ 38-ամյա մի տղամարդ: 5-րդ տուժածը եւս մոսկվացի է. 27-ամյա երիտասարդը ուղեղի ցնցում է ստացել, նրա դեմքին բաց վերք է եղել: Տուժածների անունները չեն հաղորդվում:

Ծեծկռտուքից մի քանի ժամ անց, իրավապահները ձերբակալել են 42-ամյա մի մոսկվացու, ով կասկածվում է միջադեպի ժամանակ ծեծելով մարդ սպանելու մեջ:

Միջադեպի մյուս մասնակցից բռնագրավվել է տրավմատիկ ատրճանակ: Հարուցվել է քրեական գործ: «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի փոխանցմամբ, վեճի մասնակիցներից չորսը 20-38 տարեկան հայաստանցիներ են: