Հարավային Օսիայի նախագահի թեկնածու Ալլա Ջիոեւան հայտարարել է նախագահական ընտրություններում իր անվերապահ հաղթանակի մասին:

ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նա ներկայացրել է բոլոր ընտրատեղամասերի տվյալները, համաձայն որոնց` նրա օգտին քվեարկել է 16 454 ընտրող, ինչը կազմում է ընտրողների թվի 58,9%-ը:  Բիբիլովի օգտին, ըստ  Ջիոեւայի, քվեարկել է 10 972 մարդ:

Ինչպես տեղեկացնում է Հարավային Օսիայի «Օսինֆորմ» պետական գործակալությունը,  նա նշել է, որ ձայների թվի  հինգ հազարից ավելի առավելությունը «լուրջ տարբերություն է»: Նա կրկին դիմել է Բիբիլովին` առաջարկելով  «քաղաքացիական դիրքորոշում ցուցաբերել եւ արժանապատվորեն ընդունել պարտությունը»:

Հիշեցնենք, ԿԸՀ-ի տվյալներով` 85 ընտրատեղամասերից 74-ի քվեաթերթիկների  հաշվարկից հետո Ջիոեւան զգալի առավելություն ունի. Ալլա Ջիոեւայի օգտին քվեարկել է ընտրողների 56,74%-ը, Անատոլի Բիբիլովը հավաքել է ձայների 40%-ը: Երկու թեկնածուներին էլ դեմ է քվեարկել ընտրողների 1,1%-ը: