Հայաստանի խորհրդարանը երրորդ` վերջին ընթերցմամբ ընդունել է «Ընդերքի մասին»  օրենսգիրքը` դրան առնչվող օրինագծերի փաթեթով հանդերձ:

«Կողմ» են քվեարկել 73 պատգամավորներ, «դեմ» են եղել 7 պատգամավորներ` ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչներ եւ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը: 

Երկու ամիս շարունակ օրենսգիրքը եւ դրան առնչվող օրինագծերը բազմիցս քննարկվել են խորհրդարանի Տնտեսական հարցերի հանձնաժողովում, դրա վերաբերյալ մի քանի հարյուր առաջարկներ են ստացվել: Օրինագծի փոփոխությունների վերջնական բանաձեւը  հետեւյալ տեսքն ունի` 4 + (մինչհարկային շահույթ/եկամուտ x 8) x 100:

Բացի այդ, ամրագրվել են օգտակար հանածոների արդյունահանման թույլտվությունների տրման պահանջները: