Նիդեռլանդների խորհրդարանական ընտրություններում հաղթած ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցության (PVV) առաջնորդ Գերտ Վիլդերսը «X» սոցիալական ցանցում ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Իսրայել «մուտք գործելու» պատրաստակամության մասին խոսքերի, հայտարարել է, որ Թուրքիան պետք է վտարվի ՆԱՏՕ-ի կազմից։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի հայտարարել է, որ Անկարան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես մտել է Լիբիա և Ղարաբաղ։

«Իսլամաֆաշիստ Էրդողանը սպառնում է ներխուժել Իսրայել։ Այս տղան բոլորովին խելքը թռցրել է։ Թուրքիան պետք է դուրս վռնդվի ՆԱՏՕ-ի կազմից»,- գրել է Վիլդերսը` մեկնաբանելով թուրք առաջնորդի խոսքերը։

Ավելի վաղ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը պատասխանել էր, որ Իսրայելի վրա հարձակվել սպառնացող Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի ճանապարհով , սակայն պետք է հիշի վերջինիս ճակատագիրը։