Երեւանում, տրանսպորտի փոխադրամիջոցների սանիտարական պատշաճ վիճակի ապահովման հետ կապված` 88 մեքենա ժամանակավորապես դուրս են բերվել երթուղային գծերից: Այս մասին նշել է այսօր` նոյեմբերի 28-ին, Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքում տրանսպորտի աշխատանքը վերահսկելու եւ կանոնակարգելու հետ կապված, շարունակվում են ամենօրյա մոնիթորինգի աշխատանքները եւ հսկողություն է իրականացվում հատկապես չնախատեսված կանգառներում կայանելու խախտման դեպքերի մասով:
Անդրադառնալով բազմաբնակարան շենքերի շքամուտքերի մալուխային ցանցի կարգաբերման աշխատանքների հետ կապված խնդրին` քաղաքապետը նշել է, որ չնայած այդ աշխատանքները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պայմանագրային պարտավորությունն են, բայց կան թերացումներ, եւ առկա վիճակը հակասում է անվտանգության պահանջներին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է նաեւ, որ շքամուտքերում մալուխային ցանցի անբավարար վիճակը խանգարում է քաղաքապետարանի եւ համատիրությունների կողմից շքամուտքերում վերանորոգման աշխատանքների իրականացմանը:
«Պետք է հետեւողական լինել եւ 2012 թվականի ծրագրերով ամբողջությամբ ավարտել մալուխային ցանցի հետ կապված բոլոր խնդիրները: Չնայած աշխատանքների ծավալին` առաջնահերթ պետք է մտածել մեր բնակիչների անվտանգության մասին»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նաեւ հստակեցնել ամանորյա միջոցառումների ծրագրերը եւ մինչեւ դեկտեմբերի 20-ն ավարտել քաղաքի արտաքին ձեւավորման աշխատանքները:




























