Նախագահական ընտրություններից հետո Վենեսուելայում բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր զոհերի թիվը հասել է 11-ի։ Այս մասին հայտարարել է Foro Penal իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ալֆրեդո Ռոմերոն։ Նա նաեւ մտահոգություն է հայտնել բողոքի ակցիաների ժամանակ հրազենի կիրառման կապակցությամբ։

Հուլիսի 29-ից ի վեր հարյուր հազարավոր մարդիկ մասնակցում են գործող իշխանության դեմ ցույցերին, որոնցից շատերը վանկարկում են «Այս կառավարությունը կտապալվի», նշում է AFP-ն։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել։

Հաղորդվել է նաև, որ կառավարամետ «Կոլեկտիվոս» կիսառազմական խմբավորումը, օգտագործելով հրազեն, մասնակցում է ցուցարարներին ցրելուն, գրում է DW-ն։ Վենեսուելայի դատախազությունը հայտարարել է գրեթե 750 մարդու ձերբակալության մասին։ Հաղորդվել է նաև մեկ զինվորականի մահվան մասին։

Հուլիսի 29-ին Վենեսուելայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է նախագահական ընտրություններում Նիկոլաս Մադուրոյի հաղթանակը, ով երկիրը ղեկավարում է 2013 թվականից։ ԿԸՀ-ի տվյալներով՝ քաղաքական գործիչը ստացել է ձայների 51,2 տոկոսը, իսկ ընդդիմադիր Էդմունդո Գոնսալեսը՝ 44,2 տոկոսը։ Միևնույն ժամանակ, ներկայիս կառավարության հակառակորդները պնդում են, որ իրենց հասանելի են դարձել ընտրատեղամասերի արձանագրությունների 73,2 տոկոսը, որոնք հաստատում են Գոնսալեսի ջախջախիչ հաղթանակը։ Վենեսուելայի ընդդիմությունը մտադիր է շարունակել բողոքի ցույցերը ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ։

Նիկոլաս Մադուրոն հուլիսի 30-ին ընդդիմությանը մեղադրել է «հանցավոր բռնության մեջ»։ Նա ընդդիմադիր թեկնածու Գոնսալեսին համարեց «պատասխանատու այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Վենեսուելայում, հանցավոր բռնության, վիրավորների, մահացածների, ավերածությունների համար», հայտնում է AFP-ն։

Իր հերթին Գոնսալեսը Վենեսուելայի բանակին կոչ է արել «չճնշել ժողովրդին»։ «Բանակը պատճառ չունի այդքան մարդկանց հետապնդելու», - ասել է նա մայրաքաղաք Կարակասում հազարավոր հանրահավաքի ժամանակ: