Հայ կոմունիստներն այսօր` նոյեմբերի 29-ին, Երեւանի կենտրոնում երթ են անցկացրել` Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման 91-րդ տարեդարձի կապակցությամբ: Երթի մասնակիցները հեղափոխական քայլերգի հնչյունների ներքո Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով ուղեւորվել են դեպի Հանրապետության հրապարակ:

Երթի ավարտից հետո Շահումյան հրապարակում հավաք է անցկացվել:

Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը եւ կուսակցության այլ ներկայացուցիչներ ելույթներում ընդգծել են զարգացման սոցիալիստական ուղուն վերադառնալու անհրաժեշտությունը:

Հավաքն ավարտվել է Խորհրդային Հայաստանի հիմնի հնչյունների ներքո, որի հեղինակը հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն է: