Երեւանի պետհամալսարանում, նոյեմբերի 30-ին` ժամը 14:30-ին, տեղի կունենա «Ուսանողական ոսկե ծիրան» ծրագրի բացման արարողությունը:

«Ուսանողական ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում ԵՊՀ կինոակումբը եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը համատեղ իրականացնում են փառատոնի լավագույն ֆիլմերի ցուցադրություն ուսանողների համար: Ծրագիրը, որը կազմակերպվում է առաջին անգամ, իրականացվում հայաստանյան մի քանի բուհերում եւս:

Ընտրված են բուհեր, որտեղ ուսումնասիրվում են օտար լեզուներ, քանի որ ֆիլմերը ցուցադրվելու են բնագրերով: ԵՊՀ-ում այս ծրագրի շրջանակներում մինչեւ դեկտեմբեր ամսվա վերջը ցուցադրվելու է  երեք ֆիլմ` յուրաքանչյուր չորեքշաբթի  ժամը 14:30-ին, իսկ ֆիլմերի ցուցադրությունը կվերսկսվի արդեն փետրվար ամսին հաջորդ ուսումնական կիսամյակի սկսվելու հետ միասին:

Բացման հանդիսավոր արարողությունից հետո կցուցադրվի դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի «Մելանխոլիա» ֆիլմը (136 րոպե): Դեկտեմբերի 7-ին կցուցադրվի ֆրանսիացի  Բրունո Դյումոնի «Ֆլանդրիա» ֆիլմը, իսկ 14-ին` Ասղար Ֆարհադի «Նադեր եւ Սիմին. ամուսնալուծություն» (բնագրի լեզուն պարսկերեն):

Միջոցառմանը ներկա կլինեն «Ոսկե ծիրան»-ի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոգետներ եւ հյուրեր:

Այս ծրագիրը ԵՊՀ կինոակումբի արդեն երրորդ նախաձեռնությունն է, որը ԵՊՀ ուսանողներին հնարավորություն է տալիս դիտել ոչ միայն հայկական կինոարվեստում նկարահանված նոր ֆիլմերը, այլ նաեւ միջազգային բազմաթիվ ֆիլմեր: Ընդունված ավանդույթի համաձայն ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի կունենա նաեւ քննարկում: