Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը, նոյեմբերի 26-ին, այցելել է Բակըու քաղաք, որտեղ նահանգային իշխանություններին է ներկայացրել Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ սկիզբ առնող ապակենտրոնացված մակարդակով համագործակցության ընթացքը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նահանգի հանրային կառավարիչ Կատալին Դոչիուն եւ նահանգային խորհրդի անդամ Կոնստանտին Բոգդան Սեթոն եւս նշել են, որ նման հորիզոնական կապերը նպաստում են տարածքների եւ համայնքների միջեւ տեղական ինքնակառավարման, մշակույթի, եւ կրթության ոլորտներում փորձի փոխանակմանը, տուրիզմի եւ տեղական արտադրության ոլորտներում համատեղ ծրագրերի խթանմանը:

Բակըուի Նահանգային խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում կողմերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու շփումները եւ քայլեր ձեռնարկել Հայաստանի մարզերից մեկի հետ կապեր հաստատելու ուղղությամբ: Դեսպանն այս հարցերի մասին խոսել է նաեւ տեղական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Երեկոյան դեսպան Գասպարյանը ներկա է գտնվել Բակըուի Միհայիլ Ժորայի անվան Ֆիլհարմոնիկ սրահում Կարպիս եւ Գաբրիել Դեդեյան եղբայրների ջազային համերգին, որը կազմակերպվել էր Նահանգային խորհրդի, Բակըուի քաղաքապետարանի, Ջորջե Ապոստու մշակութային կենտրոնի եւ Ռոմանահայոց միության տեղական մասնաճյուղի համագործակցությամբ:

Համերգից առաջ Միհայիլ Ժորայի անվ. Ֆիլհարմոնիկ թատրոնի նախասրահում բացվել էր ցուցահանդես, որին Բակըուի Հայոց միության նախագահ Վասիլե Հակոբի ջանքերով ներկայացված էին տեղի հայ համայնքի պատմության վերաբերյալ լուսանկարներ, հայկական ազգային տարազներ, հայերի մասին գրքեր եւ հանդեսներ: