Երեւանի Մխիթար Հերացիի անվան պետական բժշկական համալսարանում, այսօր` նոյեմբերի 29-ին, տեղի է ունեցել «Ոսկե աշուն» փառատոնը: Այն նախաձեռնել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով բժշկական համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին, նշել է, որ պետական բժշկական համալսարանում ելույթ ունենալը պարտավորեցնող է եւ միշտ ուղեկցվում է բարի հիշողություններով։ Նա իր շնորհակալությունն է հայտնել բուհում լավագույն ավանդույթները պահպանելու համար։
«16 տարի առաջ բժշկական համալսարանում ուսանողական «Ոսկե աշուն»-ները վերականգնվեցին որպես մի ավանդույթ, որով ուսանողական կյանքի զարկերակը պարբերաբար կենդանության նշաններ էր տալիս։ Եվ բժշկական համալսարանում ուսանողական կյանքն այնքան ուժեղ էր բաբախում, որ ստիպում էր ապրել, աշխատել, մտածել նորովի ոչ միայն ուսանողներին, այլեւ դասախոսներին։ Ես շնորհակալ եմ իմ կրթօջախին, շնորհակալ եմ այսօրվա ուսանողությանը, որոնք պահելով այն ամենը, ինչ ստեղծվել է մինչեւ իրենց՝ այս բուհ մուտք գործելը, կարողանում են նորովի մատուցել հին ավանդույթները»,- նշել է Արմեն Աշոտյանը։
Ցերեկույթի ընթացքում պատվոգրեր հանձնվել են «Լավագույն ուսանող», «Լավագույն խումբ», «Լավագույն դասախոս», «Լավագույն ամբիոն», «Ֆակուլտետային լավագույն ուսանողներ» անվանակարգերում։ Ծրագրի համերգային մասում իրենց ելույթներով հանդես եկան բուհի «Մեդունի» էստրադային համույթը, «Վերածնունդ» ռոք խումբը, «Մեդունի» պարի խմբի ուսանողները։
Տեղի է ունեցել նաեւ վոլեյբոլի եւ բասկետբոլի ներբուհական մրցաշարի հաղթողների պարգեւատրման արարողությունը։
Միջոցառումների շարքում բժշկական համալսարանում 16 երկրների (Հայաստան, ԼՂՀ, ՌԴ, Վրաստան, Հնդկաստան, Իրան, Ղազախստան, Հորդանան, Իսրայել, Բելառուս, Ուկրաինա, ԱՄՆ, Ճապոնիա եւ այլն) երիտասարդներ ներկայացրին իրենց ազգային ուտեստները, ազգային-ավանդական մշակույթը։




























