Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Երեւանում ընթացող ԱՊՀ անդամ-երկրների քաղաքաշինության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին՝ Ռուսաստանի ռեգիոնալ զարգացման նախարար Վիկտոր Բասարգինի գլխավորությամբ:
«Վստահ եմ, որ նման հանդիպումները շատ օգտակար են, որոնք նպաստում են ոչ միայն փորձի փոխանակմանը եւ առկա խնդիրների լուծման նոր ուղիների ու քայլերի մշակմանը, այլեւ համագործակցության խորացմանը եւ մեր պետությունների միջեւ բարեկամական կապերի ամրապնդմանը, ինչն ամենակարեւոր քայլերից է»,- նշել է վարչապետը:
Վիկտոր Բասարգինը ներկայացրել է նիստի օրակարգը եւ քննարկման առաջնային հարցերը: Նիստի մասնակիցները նշել են, որ առկա են ԱՊՀ անդամ-երկրների միջեւ շինարարական բնագավառի զարգացման համար հնարավոր բոլոր նախապայմանները: ՌԴ ռեգիոնալ զարգացման նախարարն ասել է, որ այդ ուղղությամբ մշակված համագործակցության համաձայնագիրը ենթադրում է լիցենզավորման, ատեստավորման, շինարարական նորմերի ներդրման նոր գործընթաց, որը կնպաստի համակարգային հարցերի լուծմանը:
Տիգրան Սարգսյանը կարեւորել է քաղաքաշինության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը եւ զարգացման ռազմավարական գործողությունների իրականացումը: Վարչապետը նշել է, որ կառավարության ուշադրության կենտրոնում է գտնվում դեռեւս խորհրդային ժամանակներից կառուցված բնակֆոնդի վերականմգնման եւ վերջինիս սեյսմակայունության ապահովման խնդիրը, որոնց լուծման ուղղությամբ մշակվում են նոր մեխանիզմներ եւ ծրագրեր:




























