Երեւանում, այսօր` նոյեմբերի 29-ին, տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում, որի ընթացքում ներկայացվել է «Ուրիշ Հայաստան» օn-line սոցիալ -քաղաքական նախագիծը:
Շնորհանդես-քննարկմանը մասնակցել են ՀՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի ներկայացուցիչները, ինչպես նաեւ լրատվամիջոցների, քաղաքական PR-խորհրդատվության ոլորտի, հասարակական կազմակերպությունների, ինտերնետ-մեդիաների, բլոգների եւ սոցիալական ցանցերի ներկայացուցիչներ:
«Որիշ Հայաստան» նախագծի հեղինակ, Hayland.am սոցիալական ցանցի ղեկավար Արտաշես Մկրտչյանը ներկայացրել է նախագծի մանրամասները, նախընտրական փուլում ինովացիոն քաղաքական տեխնոլոգիաների կարեւորությունը, նախագծին մասնակցելու կարգը: Բանախոսն առանձնապես կարեւորել է ՀՀ քաղաքական դաշտում գործող իրական կուսակցությունների մասնակցության հանգամանքը: «Ուրիշ Հայաստան» վիրտուալ քաղաքական խաղը ինտեգրված եւ տեղակայված է Hayland.am հայկական ամենախոշոր սոցիալական ցանցում եւ արդեն բաց է քաղաքական նախաձեռնությունների համար:
Շնորհանդեսին հրավիրված քաղաքական խորհրդատու, ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանը նշել է, որ այսօր ամբողջ աշխարհում քաղաքական պայքարում իրենց լայն կիրառումն են ստացել սոցիալական ցանցերում ակտիվորեն օգտագործվող գործիքներն ու հնարները, որոնք ապահովում են առանձին թիրախային լսարանների ակտիվ ներգրավումը քաղաքական հաղորդակցման գործընթացներում:
Ըստ փորձագետի «Ուրիշ Հայաստան» խաղի առավելությունն այն է, որ տեղեկատվական հարթակում հնարավոր է գտնել նպատակային լսարանը եւ հաղորդագրությունը ուղղել անմիջապես լսարանին հասկանալի լեզվով: Խաղը որպես հաղորդագրության տեսակ լսարանի համար մատչելի է եւ կնպաստի քաղաքական սոցիալականացմանը, քաղաքական իրազեկվածության եւ գրագիտության բարձրացմանը, ինչպես նաեւ հնարավորություն կտա քաղաքական ուժերին օն-լայն հարթակում փորձարկել, ստուգել նոր գաղափարները եւ հաջողվելու դեպքում դրանք պրոեկտել իրական գործընթացներում:
Շնորհանդեսին ներկա տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ արդեն դրական քայլ է Ֆեյսբուքից դուրս, տեղական այլընտրանք հանդիսացող ազգային սոցիալական ցանցում` Hayland.am-ում նման տեխնոլոգիայի օգտագործումը` հավելելով, որ դեռեւս շատ պետք է աշխատել Ֆեյսբուքի հետ լուրջ մրցակցելու տեսանկյունից:
Hayland.am սոցիալական ցանցի ղեկավար Արտաշես Մկրտչյանը հավելել է, որ խաղը ունի կիրառական նշանակություն: Այն ընթանալու է փուլերով եւ յուրաքանչյուր փուլում քննարկվող կարեւորագույն հարցադրումները ուղղվելու են ԱԺ, որպես հանրային կոչ:




























