Ուսումնական տարվա առաջին կիսամյակը մոտենում է ավարտին ու շատ բուհերում արդեն քննաշրջանի մեկնարկն է տրվել: Ինչպե՞ս դիմակայեցին ուսանողների պակասին բարձրագույն ուսումնական հաստատությունները:
«Այս ուստարում գրեթե բոլոր բուհերն ունեցել են ֆինանսական լուրջ խնդիրներ, դրա համար էլ բուհերում որոշ մասնագիտություններ փակվել են, կրճատումներ են իրականացվել, բացի այդ նաեւ աշխատավարձերի կրճատման են գնացել ուսումնական հաստատությունները»,-NEWS.am-ի լրագրողի հետ զրույցում նշել են Գյումրիի պետական ու մասնավոր բուհերի ռեկտորները:
Գյումրիում ուսանողների ամենամեծ թվաքանակն ունեցող բուհը՝ մանկավարժական ինստիտուտն այսօր մոտ 1000 ուսանողի պակաս ունի, ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը նշել է, թե անցած ամիսների ընթացքում կառույցը նախկին շռայլությունները թույլ չի տվել, որպեսզի ֆինանսական ճգնաժամում չհայտնվի:
Իսկ քաղաքի մասնավոր բուհերից «Պրոգրես» համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանը բուհերի ներկա վիճակը համեմատել է սոցիալապես ծանր վիճակում հայտնված գյումրեցի ընտանիքի հետ: «Հիմա ինչ վիճակում է ապրում գյումրեցի ընտանիքը, այդպես էլ բուհի վիճակն է: Փողերը քիչ են, ծախսերը` շատ, դրա համար էլ միայն մասնակի ծախսերն ենք հոգում, որոնց խիստ անհրաժեշտությունը կա»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանը:
Ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղը աշխատողների ու մասնագիտությունների թվաքանակի կրճատման չի գնացել, այլ միայն աշխատողների աշխատավարձերի դրույքաչափերն է կրճատել: Կառույցի փոխտնօրենը հույս ունի, որ հաջորդ ուստարում դիմորդների թվի ավելացմանը զուգահեռ բուհերում իրավիճակը կկայունանա: «Դրա համար բաժիններ փակելը ճիշտ չէ, այդ բաժինները հո մի տարվա համար չեն հիմնվել, ստեղծվել, որ դնենք փակենք»,-նշել է Վլադիմիր Հարությունյանը:




























