Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը պնդել է, թե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի զոհված ղեկավար Իսմայիլ Հանիեի որդիները պահանջում են, որ թուրքական իշխանություններն իրենց փոխանցեն հորը պատկանող 3 միլիարդ դոլարը։

«Այս շաբաթ հակամարտություն բռնկվեց Էրդողանի և Իսմայիլ Հանիեի որդիների միջև, ովքեր պահանջում էին 3 միլիարդ դոլար, որը պահվում էր թուրքական բանկային հաշիվներում իրենց հոր անունով: Էրդողանը հրաժարվել է փոխանցել նշված միջոցները»,- գրել է Կացը X-ի իր միկրոբլոգում։

«Ինչպե՞ս է Ալ-Շատի փախստականների ճամբարում ծնված Հանիեն նման հարստություն կուտակել։ Քանի՞ պաղեստինցի Գազայում կարող էր ավելի լավ ապրել, եթե այս գումարը հասներ նրանց: Եվ ամենակարևորը, ի՞նչ կապ ունի Էրդողանն այդ փողի հետ։ Հայտնի արտահայտություն կա՝ «Գնա փողիդ հետևից»։ Այս դեպքում հասցեն ակնհայտ է»,- գրել է իսրայելցի նախարարը։

Ընդսմին Թուրքիան հերքել է Իսրայելի արտգործնախարարի հայտարարությունները։ Անկարան զրպարտություն են անվանել այն, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է տեղական բանկերում պահվող մոտ 3 միլիարդ դոլարը փոխանցել Հանիեի որդիներին։

Էրդողանի աշխատազմին առընթեր ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնն իր հերթին հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը թուրքական բանկերում խնայողություններ չունի։ Գերատեսչությունը պնդում է, որ անցյալ շաբաթ Ստամբուլում Հանիեի որդիների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը միայն ցավակցություն է հայտնել նրանց։