Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիև ժամանած Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցությունների բովանդակության վերաբերյալ առաջին հայտարարության մեջ լրագրողներին հայտնել է, որ Հնդկաստանն ու Ուկրաինան համաձայնեցրել են չորս տարբեր ոլորտներում համագործակցության փաստաթղթերը։
Ըստ BBC-ի՝ այդ փաստաթղթերը վերաբերում են բժշկության, գյուղատնտեսության, ինչպես նաև հումանիտար և մշակութային ոլորտներում համագործակցությանը։
Զելենսկին Մոդիի այցն անվանել է պատմական և հայտնել, որ մտադիր է Հնդկաստանի վարչապետի հետ քննարկել Խաղաղության երկրորդ գագաթնաժողովը և Հնդկաստանի հետ առևտրային և ռազմական համագործակցության ամրապնդումը։ Reuters-ը հայտնում է, որ Մոդին Ուկրաինային և Ռուսաստանին խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել:
«Հակամարտությունը լուծելու ուղի կարելի է գտնել միայն երկխոսության և դիվանագիտության միջոցով։ Եվ մենք պետք է առանց ժամանակ կորցնելու շարժվենք այս ուղղությամբ։
Երկու կողմերն էլ պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և ելք փնտրեն այս ճգնաժամից», - նշել է Հնդկաստանի վարչապետը։
«Ուզում եմ վստահեցնել, որ Հնդկաստանը պատրաստ է ակտիվ դերակատարություն ունենալ դեպի խաղաղություն շարժվելու ցանկացած քայլերում։
Եվ եթե ես անձամբ կարողանամ որևէ դեր խաղալ, դա կանեմ, վստահեցնում եմ ձեզ որպես բարեկամ»,- ասել է Մոդին։
Ե՛վ Մոդին, և՛ Զելենսկին Հնդկաստանի վարչապետի այցը Կիև պատմական են անվանել։





























