Կերչի նեղուցի «Կովկաս» նավահանգստի երկաթուղային լաստանավի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքների վերացման ժամանակահատվածում Կերչի լաստանավային անցումը ժամանակավորապես չի գործում։

Դրա մասին, ըստ «Ведомости»-ի՝ հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը՝ վկայակոչելով Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանը:

Բեռնատար ավտոմեքենաներին առաջարկվում է օգտվել Ղրիմ տանող այլընտրանքային ցամաքային ճանապարհից:

Ներկայում նավահանգստում շարունակվում են աշխատանքները՝ ուկրաինական հարվածի հետևանքները վերացնելու ուղղությամբ։

Ծովային փրկարար ծառայությունները վերացնում են նավթի արտահոսքը։ Նավահանգստում հատուկ ռեժիմ է մտցվել:

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 23-ին հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի լաստանավի վրա հարձակումից հետո մեկ անձի ճակատագիրը դեռևս անհայտ է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նավին հասցված հարվածից հետո ջուրն ընկած անձնակազմի երկու անդամների որոնումները շարունակվում են։ 17 մարդ փրկվել է: