Քրդական հարցի քննարկումը Թուրքիայի խորհրդարանում նոյեմբերի 10-ին վերածվեց քաշքշուկի կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ ընդդիմության պատգամավորների միջեւ: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին, ընդդիմադիր պատգամավորները թույլ չեն տվել Թուրքիայի ՆԳ նախարար Բաշիր Աթալային հանդես գալ, եւ նրա ելույթի ժամանակ պաստառներ են բարձրացրել «ՔԲԿ-ն, հայերն ու ահաբեկիչները՝ թուրքերի թշնամիներն են», «Չենք մոռանա Աթաթուրքի անունը», «Քուրդ ահաբեկիչներին ներում չկա» եւ այլ մակագրություններով:

Խարհրդարանի խոսնակ Ալի Շահինը, տեսնելով, որ կրքերը բորբոքվում են, կոչ է արել պատգամավորներին թաքցնել պաստառներն ու դադարեցրել է Աթալայի ելույթը: Սակայն լարվածությունը չի թուլացել եւ ավելի է սրվել իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալ Սուադ Քըլըջի ելույթի ժամանակ, որը մեղադրել է ընդդիմությանը՝ Թուրքիայի շահերին դավաճանելու մեջ:

Ընդդիմադիր պատգամավորները ընդհատել են նրա ելույթը, սկսվել է քաշքշուկ կառավարող կուսակցության եւ ընդդիմության պատգամավորների միջեւ: Միայն Մեհմեդ Ալի Շահինի միջամտությունից հետո են կրքերը հանդարտվել, եւ որոշվել է «քրդական հարցի ժողովրդավարական լուծման» բանավեճերը տեղափոխել նոյեմբերի 12-ի նիստ: