Հայաստանում թողարկվող American Express Gold քարտերի ընդհանուր շրջանառության 45 տոկոսն իրականացվել է Հայաստանում:

Դեկտեբեր ամսին Քարտերով իրականացրած վճարումների դիմաց կուտակած Membership Rewards պարգեւատրումների ծրագրի միավորները կկրկնապատկվեն: Այս մասին, այսօր, նոյեմբերի 30-ին կայացած ասուլիսում նշեց «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԵԿՈԼ» Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: Ըստ նրա՝ American Express Gold քարտերով իրականացված գործարքների 70 տոկոսը վճարումներ են, որի արդյունքում քարտատերերն արդեն կուտակել են 8 մլն-ից ավել Membership Rewards միավորներ։ American Express Selects համաշխարհային զեղչային ցանցի հայաստանյան առաջարկները եւս ավելանում են։ American Express Selects-ի նոր կատալոգում կընդգրկվեն 75 առեւտրի եւ սպասարկման կետեր, նախորդ 31-ի փոխարեն։ Ընդ որում՝ American Express քարտերը սպասարկող կետերի միջեւ մրցույթ է անցկացվում, որի արդյունքում ընտրվելու են տարբեր ոլորտները ներկայացնող լավագույն առեւտրի եւ սպասարկման կետերը։ «Վստահությամբ կարելի է փաստել, որ American Express Gold քարտի առաջարկած ծառայությունները, մասնավորապես ապահովագրական ծառայությունների լայն փաթեթը, գնումների ապահովագրությունը, ինչպես նաեւ Membership Rewards պարգեւատրումների ծրագիրը եւ Selects համաշխարհային զեղչային ցանցի կողմից առաջարկվող արտոնությունները չափազանց պահանջված են Հայաստանում եւ բանկային ծառայությունների նոր մակարդակ են ձեւավորել»,- ասաց Գիշյանը։

Նշենք, որ American Express Gold քարտի ավտոմեքենաների տարհանման ծառայությունը հասանելի կլինի հանրապետության ողջ տարածքում եւ տարեկան երկու անգամ կտրամադրվի անվճար։

Անդրադառնալով Եվրամիությունում տնտեսական ճգնաժամային վիճակին «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԵԿՈԼ»-ի գլխավոր գործադիր տնօրենը՝ նշեց, որ Հայաստանում գործող բանկերին մեծ վտանգ չի սպառնում։ «Հայաստանյան բանկերին եւ մասնավորապես «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԵԿՈԼ»-ին այս պահին ճգնաժամը չի սպառնում։ Հայաստանյան բանկերը ֆինանսատնտեսական ճգնաժամին շատ լավ դիմակայեցին, եւ այսօր էլ լավ դիրքերում են, քանի որ Հայաստանում վարկերի տրամադրման պայմանները կոշտ են, իսկ վերահսկողությունը` խիստ»,- ասաց նա։

Ըստ Գիշյանի՝ «Credit Agricole»-ի դիրքերն էլ բավականին ամուր են ֆինանսական շուկայում՝ չնայած եվրագոտու նոր ցնցումների։ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԵԿՈԼ»-ի եվրոյով ակտիվները շատ քիչ են, քանի որ վարկերը դրամով են տրամադրվում, իսկ արտարժույթով ակտիվները հիմնականում դոլարով են, այնպես որ եվրագոտու ճգնաժամի ամենավատ սցենարի դեպքում բանկին ոչինչ չի սպառանա»,- ընդգծեց նա:

Գիշյանի խոսքով՝ բանկն այս տարի կառավարության ծրագրով 15 հազար ֆերմերային տնտեսության արտոնյալ վարկ է տրամադրել։ Բանկում ակնկալում են, որ վարկային ընդհանուր փաթեթի աճը տարեվերջին կկազմի մոտ 38 տոկոս։