Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում հանդիպել է երիտասարդ տնտեսագետ ուսանողների միջազգային քառօրյա գիտաժողովի մասնակիցներին: Այն կրում է «Էթիկան եւ բիզնեսը 21-րդ դարում (համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունն ու հետեւանքները)» խորագիրը:
Կառավարության ղեկավարը ողջունելով հանդիպման մասնակիցներին` պատասխանել է նրանց հետաքրքող հարցերին, որոնք վերաբերել են էթիկայի եւ բիզնեսի հայաստանյան պատկերացումներին, դրա համաշխարահային մոդելներին եւ արդյունավետությանը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խոսելով Հայաստանում ստեղծված բիզնես էթիկայի կանոնների մասին` վարչապետը նշել է, որ դրանք ձեւավորվել են վերջին տասնամյակի ընթացքում, երբ Հայաստանի բանկերի ասոցացիան սահմանել է բանկերի էթիկայի կանոնները. Կենտրոնական բանկը ստեղծել է հանձնաժողով, որը պետք է վերահսկի Բանկի ներքին էթիկան: Նմանատիպ կանոններ են սահմանել նաեւ Արդյունաբերողների միությունը, դատական համակարգը եւ այլ գերատեսչություններ:
Անդրադառնալով հայաստանյան իրականությանը` Տիգրան Սարգսյանը նշել է. «Հայաստանն այսօր գտնվում է անցումային փուլում եւ դա վերաբերում է ոչ միայն էթիկայի կանոներին: Մենք ունենք ավելի խորքային խնդիր. դա արժեքային համակարգի ձեւավորումն է: Մեր հռչակած արժեքային համակարգի եւ հասարակության մեջ գործող արժեհամակարգի միջեւ առկա է մեծ ճեղքվածք», - ասել է վարչապետը՝ նշելով, որ այդ խնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է տանել աստիճանական աշխատանք եւ նպատակային քաղաքականություն:
Գիտաժողովը կազմակերպել են Երեւանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը եւ Հայաստանի Ուսանողական Ազգային Ասոցիացիան:
Միջոցառմանը մասնակցում են 60 ուսանողներ եւ ասպիրանտներ, որոնցից 26-ը արտասահմանյան 11 երկրներից՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Դանիայից, Բելգիայից, Ավստրիայից, Նորվեգիայից, Ռումինիայից, Պորտուգալիայից, Հունաստանից եւ Վրաստանից: Գիտաժողովի մասնակիցների քննարկամ հիմնական թեման արագ փոփոխվող աշխարհի տնտեսական հարցերն են:



























