Երեւանում կայացել է Սանկտ Պետերբուրգի տեղեկատվական գործարար կենտրոնի հնգամյակին նվիրված՝ «Արդյունքներ եւ հեռանկարներ` համագործակցության նոր ուղղությունների որոնումներով» խորագրով գործարար համաժողովը: Համաժողովին մասնակցելու համար Երեւան է ժամանել Սանկտ Պետերբուրգի արտաքին կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Պետրուկի գլխավորած պատվիրակությունը: Մասնակցել են նաեւ հայ եւ ռուս գործարարներ, տնտեսագետներ, Սանկտ Պետերբուրգի եւ Երեւանի մի շարք բիզնես-կառույցների ներկայացուցիչներ:
Բացման խոսքում Անդրեյ Պետրուկը նշել է, որ երկուստեք փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացումը մեծապես պայմանավորված է նաեւ Սանկտ Պետերբուրգի նոր նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի եւ Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներդրած ջանքերով:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից գործարար համաժողովի մասնակիցներին ողջունել եւ բեղմնավոր աշխատանք է մաղթել քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գեւորգյանը` նշելով, որ Սանկտ Պետերբուրգի նահանգային կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ ձեւավորված բարիդրացիական եւ գործընկերային հարաբերությունները որակապես նոր փուլ են թեւակոխել, ինչի վկայությունը նաեւ 2011 թ.-ի հուլիսին Երեւանի քաղաքապետի գլխավորած պատվիրակության՝ սանկտպետերբուրգյան այցի ընթացքում ստորագրված բազմակողմ համագործակցության քառամյա ծրագիրն է:
Հատկանշվել է, որ նման գործարար համաժողովներն եղած եւ նոր ուղղություններով համագործակցելու լայն հնարավորություններ են ստեղծում, ինչին, իր հերթին, նպաստում է նաեւ Սանկտ Պետերբուրգի տեղեկատվական գործարար կենտրոնը, որի գործունեության 5 տարիների ընթացքում երկու քաղաքների տնտեսական կապերը զգալի առաջընթաց են արձանագրել:
Երեւանում Սանկտ Պետերբուրգի տեղեկատվական գործարար կենտրոնի տնօրեն Համլետ Մինասյանն էլ ընդգծել է, որ կենտրոնը կայացել եւ ակտիվ գործունեություն է ծավալել՝ շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում` Երեւանի քաղաքապետարանի եւ Սանկտ Պետերբուրգում բացված Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչության աջակցության շնորհիվ:
Ապրանքաշրջանառությունն Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ 2011 թ.-ին հասել է 14 մլն դոլլարի, սակայն, ներկաների գնահատմամբ, առկա հնարավորությունները շատ ավելի մեծ են: Բնակչության թվով Սանկտ Պետերբուրգն Եվրոպայի 4-րդ խոշոր քաղաքն է: Նշվել է նաեւ փաստը, որ ավելի քան 5 մլն մշտական բնակություն հաստատած քաղաքացիներից շուրջ 50.000-ը հայեր են, որոնց մի մասը զբաղվում է գործարարությամբ:
Երկու կողմերի գնահատմամբ` ավելի մեծ հեռանկարներ են բացվում՝ առեւտրատնտեսական, կրթական, տուրիզմի, մշակույթի եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցություն ծավալելու համար:



























