Հյուսիսային պողոտայի սկզբնամասում, այսօր` նոյեմբերի 30-ին, Flashmob Division-ը «World Vision Հայաստան» բարեգործական կազմակերպության հետ համատեղ իր հերթական flashmob-ն է իրականացրել`ուղղված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը: Միջոցառման հիմնական գաղափարն էր ոչ ասել ՁԻԱՀ-ին:

Սկզբում միջոցառման մասնակիցները կապել են վզկապներ, որոնց վրա գրված էր «ոչ ՁԻԱՀ-ին», այնուհետեւ մասնակիցները քայլելով մոտեցել են Հյուսիսային Պողոտայում կարմիր փուչիկներով գրված HIV-ին (Human immunodeficiency virus) եւ սկսել ոտքի հարվածներով պայթեցնել այդ փուչիկները` ՁԻԱՀ-ը:

«Մեր նպատակն է իրազեկել երիտասարդներին եւ նրանց ուշադրությունը կենտրոնացնել ՁԻԱՀ-ի խնդրի վրա, եւ այս անգամ ոչ թե սեմինարների կամ այլ քննարկումների օգնությամբ, այլեւ բացօթյա ուզում ենք «սպանել» այս խնդրին: Այսպես երիտասարդներն ավելի մեծ ուշադրություն կդարձնեն իրենց առողջությանը»,-հայտարարել է ֆլեշմոբ դիվիզիայի հետ համագործակցող «World Vision Հայաստան»-ի ներկայացուցիչ Վահե Դարբինյանը:

Նրա խոսքով, մոբերների հետ համագործակցությունը նրանց նոր մտքեր եւ նոր գաղափարներ է տվել, քանի որ այսօր նորարարության, փայլուն ու ճկուն գաղափարների կարիք է զգացվում, ինչով էլ կարողանում են ապահովել ֆլեշմոբ դիվիզիայի տղաները:

«Մեր նպատակն է, ոչ միայն արձանագրել խնդիրը, այլեւ արդյունք տալ: Այս միջոցառմանը հետեւելու են սոցիալական գովազդի պատրաստումն ու ցուցադրությունը, որն էլ ավելի մեծ արձագանք կունենա»,- ընդգծել է World Vision Հայաստան բարեգործական կազմակերպության ներկայացուցիչը:

Ըստ ֆլեշմոբ դիվիզիայի համահիմնադիր Արմեն Սուքիասյանի, հասարակության խնդիրները բարձրացնելու ու ուշադրություն գրավելու համար ընտրում են այլընտրանքային ուղիներ:

«Փուչիկները դինամիկա մտցրեցին եւ պարզապես խոսք չհնչեց, միայն գործողություն էր: Իսկ սոցիալական գովազդը կտարածվի վիրուսային մարքեթինգի նման: Մեր նպատակն էլ հենց դա է, ստանալ արդյունքը, այլ ոչ միայն հարցը բարձրացնել»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ վաղը` դեկտեմբերի 1-ին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է: