Ազգային ժողովում, նոյեմբերի 30-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, երբ «Շմայս» մականունով Հանրապետական հայտնի պատգամավոր Առաքել Մովսիսյանը «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին ասել է «Ես չեմ էկել ստեղ, որ քո նման հայվանին լսեմ», իսկ վերջինս նրան պատասխանել է «Հայվանն ինքդ ես, հանգիստ խոսիր», փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանից:
«Վիճում էին իրար հետ, դա ստացվեց: Շատ ակնհայտ կերպով ընդդիմությունը դիտավորյալ ձգձգում է հարցերի քննարկումը, րոպեներով կանգ է առնում, ընդմիջում է խոսքը, թերթում, իբր տարբեր բաներ է որոնում, համբերությունից հանում են մարդկանց, նա էլ, ըստ երեւույթին, պատասխանել է»,- նշեց նա:
Հարցին, թե համբերությունից հանելու համար մարդուն պետք է ասել «հայվա՞ն», Ռաֆիկ Պետրոսյանը հակադարձեց. «Պատահում է նույնիսկ իրար են սպանում պառլամենտներում, ի՞նչ է եղել որ»: Նա, ի դեպ, ներկա է եղել միջադեպին, բայց չի սաստել իր կուսակցին` պատճառաբանելով, որ «այդ աղմուկի մեջ ով էր իրեն լսում, որ ինքը ինչ-որ բան ասեր»:
Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահը նշեց, որ այստեղ մարդու իրավունքների խախտում ամենեւին էլ չկա. «Կոլեգաներ են, իրար հետ վիճում են, ի՞նչ մարդու իրավունքների խախտում: նա ձգձգում է, նա էլ ասում է` արագ խոսի»,- «վերլուծեց» պատգամավորը, ապա հավելեց. «Իհարկե, պետք չի իրար նման բաներ ասել: Կարծում եմ, որ նրանք (ընդդիմադիր պատգամավորները-խմբ) եւս չպետք է այդպես վարվեին, դիտավորյալ կերպով ձգձգեին նիստը, փոքր հարցի քննարկումը ժամեր էին դարձնում դիտավորյալ, եւ ոչ էլ մյուս կողմը պետք է ասեր «հայվան» եւ այդպիսի պատասխան ստանար: Երկու կողմն էլ ճիշտ չեն»,- նշեց նա:
Հարցին, թե ՀՀԿ-ականները չսաստեցի՞ն իրենց գործընկերոջը, Ռ. Պետրոսյանը նշեց, որ չի տեսել, պատգամավորը պետք է գնար խմբակցության ղեկավարի մոտ` քննարկելու այդ հարցը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ նիստերի դահլիճում այսօր կրքերը թեժացել են: Վարկային փոխառության մասին համաձայնագրի քննարկման ժամանակ, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը նիստերի դահլիճ է հրավիրել ԱԺ շենքում գտնվող բոլոր հանրապետական պատգամավորներին` քվեարկությունները կազմակերպելու համար, սակայն փոքր-ինչ ուշացրել է քվեարկություն կազմակերպելը, ինչի պատճառով ԱԺ դահլիճում իսկական ժխոր է առաջացել, հանրապետականները բացարձակապես չեն ենթարկվել Նիկոյանին, ով հուսահատ ջանքեր է գործադրել իր կուսակիցներին կարգի հրավիրելու համար: Ինչպես NEWS.am-ին հայտնել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանի ելույթի պահին կրքերը հասել են գագաթնակետին, եւ «Ժառանգության» պատգամավորը ստիպված է եղել մի պահ ընդհատել ելույթը: Դա զայրացրել է «Շմայս» մականունով հայտնի Առաքել Մովսիսյանին, ով տեղից բղավել է. «Ես չեմ էկել ստեղ, որ քո նման հայվանին լսեմ»: Արմեն Մարտիրոսյանը հակադարձել է հանրապետական պատգամավորին. «Հայվանն ինքդ ես, հանգիստ խոսիր: Այդ ի՞նչ ձեւ ես խոսում» արտահայտությամբ: Մովսիսյանին կարգի է հրավիրել նաեւ Ստեփան Սաֆարյանը: Հանրապետական պատգամավորը դրանից հետո լքել էր նիստերի դահլիճը:




























