Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան, ՆՄ հյուպատոս Գարեթ Վին Օուենն այցելել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակ եւ հանդիպում է ունեցել կուսակցության ղեկավարության հետ:

Կուսակցության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական ներկայիս իրավիճակի, ժողովրդավարության մակարդակի, արտաքին հարաբերությունների հիմնախնդիրները: Փոխդեսպանը՝ կարեւորելով «Ազատ դեմոկրատների» հետ հանդիպումը, նշել է, որ կուսակցության շուրջ հետաքրքրության մթնոլորտ է ձեւավորվել, որի համատեքստում առանձնահատուկ հնչեղություն են ստանում այն ծրագրերը, որոնք ներկայացնում է կուսակցությունը:

Կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը նշել է, որ ներկայումս Հայաստանի քաղաքական դաշտում ձեւավորված իրավիճակը թելադրում է  հասարակության հստակ կողմնորոշման անհրաժեշտությունը զարգացման հեռանկարների առումով:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում բրիտանական դեսպանատան Քաղաքական եւ ծրագրերի գծով պատասխանատու Նաիրա Սուլթանյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, գործադիր  քարտուղար Մասիս Այվազյանը, կուսակցության ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը եւ կուսակցության վարչության անդամ Արթուր Ավթանդիլյանը: