Նյու Յորքում Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի կանանց առեւտրով զբաղվող խոշոր ավազակախումբ են ձերբակալել:
Մանհեթանի դատախազ Փրիթ Բհարարան նոյեմբերի 30-ին հայտարարել է 20 մարդու ձերբակալության մասին, այդ թվում` Ալֆոնսե Տրուկիոյի, որը մաֆիոզական Գամբինո կլանի ղեկավարն է համարվում: Ավազակախումբը, ինչպես ենթադրվում է, Ռուսաստանից եւ Արեւելյան Եվրոպայի երկրներից կանայք է բերել Նյու Յորքի գիշերային ակումբներում աշխատելու համար:

Ձերբակալվածներին մեղադրանք է ներկայացվել վիզաներ կեղծելու, կեղծ ամուսնություններ կազմակերպելու եւ օտարերկրացիներին ապօրինի ճանապարհով ԱՄՆ տարածք մտցնելու համար: Քննության տվյալներով` ռուսաստանցի եւ այլ երկրների աղջիկների համար փաստաթղթեր են ձեւակերպվել, համաձայն որոնց նրանք պետք է մատուցողուհի աշխատեին, բայց իրականում նրանց որպես գիշերային ակումբի մերկապարուհի են ընդունել:

Ալֆոնսե Տրուկիոյին 8 կետից բաղկացած մեղադրանք է սպասվում, ներառյալ` շահագործում, մեքենայություն եւ ապօրինի միգրացիայի  խթանում, գրում է The New York Post թերթը: