Երբ 1990-ական թվականներին գաղտնազերծման մասին օրենքը ներկայացվեց, այն ժամանակվա Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանն իր ելույթում հակադարձեց ասելով, որ եթե այս առաջարկը ընդունվի, կսկսվի վհուկների որս: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց 1990-95 թվականներին Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը` խոսելով  «Լյուստրացիայի (գաղտնազերծման) մասին» օրինագիծի մասին, որն առաջարկել է «Ժառանգություն» կուսակցությունը:

Նշենք, որ այս նախաձեռնության նպատակներն են. գաղտնազերծել մինչեւ 1991թ. սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն նախկին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած կամ համագործակցած անձանց:

Ալբերտ Բաղդասարյանը համոզմունք հայտնեց, որ այս նախաձեռնությունը ներքաղաքական հարցեր լուծելու համար է ներկայացվել: «Ուզում են պարզել, թե նախորդ երեք նախագահներն, օրինակ, նախկինում ԿԳԲ-ի ագենտնե՞ր են եղել, թե` ոչ: Իսկ դա Հայաստանին ոչ մի օգուտ չի տա»,- ավելացրեց նա:

Ասուլիսի մյուս բանախոսը` ՍԴՀԿ ներկայացուցիչ, Ազգային անվտանգության ծառայության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ երեք նախագահներից մեկի համար վստահաբար կարող է ասել, որ նման բան չկա, իսկ մնացածների համար թող Աստված որոշի: «Ինչ վերաբերում է լյուստրացիայի մասին ներկա օրենքի նախագծին, ապա առաջարկի նպատակը Հայաստանը թուլացնելը, Հայաստանը կամազուրկ, փալաս երկիր դարձնելն է: Գործակալների ցուցակները հրապարկելուց հետո Ազգային անվտանգությունն առաջիկա 30 տարվա ընթացքում ոչ մի գործակալ բերելու հնարավորություն չի ունենալու: Այնինչ, չկա գործակալ` չկա օպերատիվ աշխատանք: Ինչպես արդեն ասել եմ աջից թուրք, ձախից թուրք եւ փոքրիկ Հայաստանը մեջտեղում»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը դեմ արտահայտվելով առաջարկվող օրենքի նախագծին:

Նշենք, որ այս օրենքի նախաձեռնողները նշում են, որ օրինագիծը վերաբերում է օտարերկրյա գործակալներին, եւ որեւէ առնչություն չունի Հայաստանի անվտանգության ծառայության աշխատակիցների հետ: