Ռուսական բանակը սեպտեմբերի 4-ի առավոտյան հրթիռներով հարվածել է Լվովին, կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ, հայտնում են տեղական իշխանությունները։ Ուկրաինայում «լարված գիշերվա» պատճառով Լեհաստանը օդ է բարձրացրել ռազմական ինքնաթիռները, հայտնում է Currenttime-ը։

Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյը հայտնել է, որ քաղաքին ռուսական հարվածների արդյունքում գլխավոր կայարանի տարածքում բնակելի շենքեր են բռնկվել, իսկ տարածքում գտնվող բազմաթիվ շենքերի պատուհանները կոտրվել են։

«Նախնական տեղեկություններով՝ Լվովում այս ժամի դրությամբ հակառակորդի հարձակման հետևանքով վիրավորվել է 19 մարդ։ Մեկ մարդ, ցավոք, մահացել է։ «Մեր խորին ցավակցությունները ընտանիքին»,- ասվում է տեղի շրջանային ռազմական վարչության հրապարակման մեջ։ Ավելի ուշ OVA ալիքով հաղորդագրություն է հայտնվել, որ եւս մեկ մարդ է մահացել։

Լվովի քաղաքապետի խոսքով՝ քաղաքի վրա հարձակման հետեւանքով տուժել է առնվազն 17 մարդ, այդ թվում՝ 10 եւ 15 տարեկան երկու երեխա։ 15 մեծահասակ հոսպիտալացվել է, հինգ հիվանդ գտնվում է ծանր վիճակում, գրում է Սադովոյը։

Նախնական տվյալներով՝ ռուսական բանակը Լվովին հարվածել է հիպերձայնային «Կինժալ» հրթիռներով: BBC-ն՝ վկայակոչելով ականատեսներին, նշում է, որ տեղական ժամանակով մոտ 05:40-ին մի քանի հրթիռներ են թռել Լվովի վրայով: Դրանից հետո, ժամը 05:46-ին քաղաքում շատ ուժեղ ձայն է լսվել, տների պատերը ցնցվել են, հայտնում են տեղի բնակիչները։ Լվովի վրա ծուխ է բարձրանում.