ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը մի փոքր առաջ է անցնում Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփից այսպես կոչված կարեւոր նահանգներում, որոնց արդյունքները հաճախ որոշում են նախագահական ընտրությունների ճակատագիրը։ Այս մասին վկայում է CNN/SSRS-ի հրապարակված հարցումը։

Հարցման համաձայն՝ Հարիսը Թրամփից առաջ է անցնում Վիսքոնսինի, Ջորջիայի, Միչիգանի եւ Նեւադայի նահանգներում, բայց նրա գերազանցությունն այնտեղ վիճակագրական վրիպանքի սահմաններում է։

Փենսիլվանիայում երկու թեկնածուներն ունեն ձայների 47 տոկոս, իսկ Արիզոնայում Թրամփը Հարիսից առաջ է անցել 5 տոկոսային կետով։

Բոլոր կարեւոր նահանգներում ընտրողներն ավելի շատ վստահում են հանրապետական թեկնածուին տնտեսության եւ իմիգրացիայի հարցերում։ Փոխարենը Հարիսն առաջ է անցնում Թրամփից դեմոկրատիայի եւ աբորտների ու վերարտադրողական իրավունքի պաշտպանության հարցերում։

Բացի այդ, ԱՄՆ ընտրողների կեսից ավելին կարեւոր նահանգներում հայտնել է, որ Թրամփի մոտեցումները եւ քաղաքականությունը չափից ավելի ծայրահեղական են։ Հարիսի մասին այդպես է արտահայտել հարցվողների կեսից քիչը։