Պահպանողականների նախկին առաջնորդ Մայքլ Հովարդը Մեծ Բրիտանիայի կառավարությանը մեղադրել է խորհրդարանին «կոպտորեն մոլորեցնելու» համար Իսրայելին զենքի արտահանման 30 արտոնագրերի կասեցման առնչությամբ, հայտնում է PA Media-ն։

Ըստ լորդ Հովարդի՝ կառավարությունը հայտարարել էր, որ միջազգային մարդասիրական իրավունքը միակ չափանիշը չէ արտահանման արտոնագրման վերաբերյալ որոշումներ ընդունելիս, և նշել է, որ F-35 կործանիչներն ազատվել են այդ մասնակի արտահանման արգելքից:

Իր հերթին, բրիտանական խորհրդարանի պեր բարոնուհի Չեփմենը պարզաբանել է, որ այս բացառությունը պայմանավորված է նրանով, որ F-35 բաղադրիչները համաշխարհային մատակարարման շղթայի մասն են, և դրանց արտահանման դադարեցումը կարող է ազդել «գլոբալ անվտանգության վրա»:

Ընդսմին լորդ Հովարդը պնդում է, թե, հաշվի առնելով այլ գործոններ, կառավարությունը հարկադրված չէր կասեցնել զենքի 30 արտոնագրերը և կարող էր Իսրայելի համար այլ բացառություններ անել, օրինակ՝ ինքնապաշտպանության նկատառումներից ելնելով, բայց գերադասել է այդպես չվարվել:

Մեծ Բրիտանիան ավելի վաղ հայտարարել էր, որ անհապաղ կկասեցնի Իսրայելին փոխանցվող զենքի 350 արտահանման արտոնագրերից 30-ը, քանի որ վտանգ կա, որ նման սարքավորումները կարող են օգտագործվել միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ կատարելու նպատակով: