«Հայփոստ»ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա՝ դեկտեմբերի 1-ի, կապակցությամբ հատուկ նամականիշ է մարել։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «Հայփոստ» ՓԲԸ-ի լրատվական ծառայությունից, ՄԻԱՎ վարակի կանխարգելմանը նվիրված հատուկ նամականիշի մարումը պաշտոնապես կատարվել է Կիեւյան 4 հասցեում գտնվող 0028 փոստային բաժանմունքում։
Արարողությունն իրականացրել են «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ»-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի սոցիալական համախմբման եւ գործընկերության խորհրդատու Նաիրա Սարգսյանը, ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:
«Հայփոստ»-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանի խոսքով՝ Հայփոստ թրասթ մենեջմենթի ղեկավարությամբ, ընկերությունը քայլեր է ձեռնարկում հայկական ֆիլատելիայի զարգացման ուղղությամբ եւ առանձնահատուկ ուշադրություն է դրսեւորում Փոստի համաշխարհային միության համատեղ թողարկումներին, եւ ընդհանրապես համաշխարհային կարեւորության օրերին եւ տարելիցներին:
Նույն օրը Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքում տեղի ունեցավ ԱՊՀ կազմավորման 20-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողություն:
Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի եւ «Հայփոստ»-ի ղեկավարությունը:
Տեղեկացնենք, որ ԱՊՀ կազմավորման հոբելյանին նվիրված նամականիշի տեխնիկական բնութագիրը հետեւյալն է՝
Թողարկման օրը` 1 դեկտեմբերի 2011թ.
Դիզայնը` Դավիթ Դովլաթյան
Տպարանը` Lowe Martin Group /Կանադա/
Տպագրությունը` օֆսեթ
Ատամնաշարը` սանրավոր, 13 1/4:13 1/2
Թուղթը` առանց ջրային նիշերի, 110 գ/մ2
Գույնը` բազմագույն
Անվանագինը` 280 դրամ
Նամականիշի չափերը` 24 x 40 մմ
Մեկ թերթի վրա` 10 (2x5)
Տպաքանակը` 40 000
ՄԻԱՎ վարակի կանխարգելմանը նվիրված հատուկ նամականիշի տեխնիկական տվյալներն են.
Տպագրատուն. Lowe Martin Group (Կանադա)
Նամականիշի չափը. 30.3 x 60 մմ
Հուշանվերային թերթիկի չափը. 80.2 x 114.3 մմ
Անվանական արժեքը. 480 ՀՀ դրամ
Տպաքանակը. 30000
Հեղինակ. Արամայիս Իսկանդարյան




























