ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ծառայությունների ղեկավարները հայտնել են, որ «անընդհատ աշխատում են» Գազայի հատվածում հրադադարի հաստատման ուղղությամբ։

Շաբաթ օրը Financial Times-ում հրապարակված հոդվածում ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բյորնսը եւ MI6-ի տնօրեն Ռիչարդ Մուրը հայտնել են, որ իրենց գերատեսչություններն օգտագործել են հետախուզական միջոցները, որպեսզի «հասնեն զսպվածության եւ դեէսկալացիայի» Գազայում։

Նրանց խոսքով՝ հրադադարը «կարող էր վերջ դնել տառապանքներին եւ զոհերին պաղեստինցի քաղաքացիական բնակչության շրջանում եւ տուն վերադարձնել պատանդներին 11 ամսվա դժոխային անազատությունից հետո»։

ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան Իսրայելի դաշնակիցներն են, թեեւ այս շաբաթ Լոնդոնը հակառակվել է Վաշինգտոնին՝ կանգնեցնելով Իսրայել զենքի արտահանման ոչ մեծ քանակությամբ լիցենզիաների տրամադրումը միջազգային իրավունքի խախտման ռիսկի պատճառով, Գազայում Իսրայելի պատերազմի պայմաններում։