Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է, որ ընդդիմության նախագահի թեկնածու Էդմունդո Գոնսալեսը լքել է երկիրը՝ Իսպանիայում ապաստան խնդրելու համար, հայտնում է BBC-ն։
Գոնսալեսը թաքնվում է, և ձերբակալման հրաման է տրվել այն բանից հետո, երբ ընդդիմությունը վիճարկել էր հուլիսին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, որոնցում կառավարության կողմից վերահսկվող Ազգային ընտրական խորհուրդը (CNE) հաղթող ճանաչեց Նիկոլաս Մադուրոյին:
Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը սոցիալական ցանցում գրառման մեջ հայտնել է, որ Գոնսալեսը մի քանի օր առաջ ինքնակամ դիմել է Կարակասում Իսպանիայի դեսպանություն և քաղաքական ապաստան խնդրել Իսպանիայի կառավարությունից:
Նա ավելացրել է, որ դեսպանությունն ապահովել է նրա անվտանգ թռիչքը, և նա մեկնել է։ Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է, որ Գոնսալեսը կամովին է լքել երկիրը իսպանական ռազմաօդային ուժերի ինքնաթիռով։
Նա հավելել է, որ Իսպանիայի կառավարությունը հավատարիմ է բոլոր վենեսուելացիների քաղաքական իրավունքները հարգելուն։
Գոնսալեսի փաստաբանը AFP-ին հաստատել է, որ Գոնսալեսը մեկնել է Իսպանիա, սակայն մանրամասներ չի հայտնել։ Միաժամանակ Վենեսուելայի անվտանգության ուժերը շրջափակել են մայրաքաղաք Կարակասում Արգենտինայի դեսպանատունը։ Այնտեղ են ապաստանում երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վեց քաղաքական հակառակորդները։ Երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ներսում ահաբեկչություններ էին նախապատրաստվում։





























