Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի կողմնակիցները շաբաթ՝ երկրի Անկախության օրը, հեղեղել են Սան Պաուլոյի գլխավոր զբոսայգին, մասնակցելու կառավարության կողմից ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի X սոցիալական ցանցի  արգելափակման դեմ հանրահավաքին, ինչը, նրանց կարծիքով, վկայում է իրենց քաղաքական հետապնդումների մասին, հայտնում է CNN-ը։ 

Բրազիլիայի դրոշի դեղին և կանաչ գույներով հագնված մի քանի հազար ցուցարարներ դուրս են եկել Պաուլիստա պողոտա։  

«Շնորհակալություն մեր ազատությունը պաշտպանելու համար»,- գրված էր Իլոն Մասկին գովերգող պաստառներից մեկի վրա:

Շաբաթվա երթը հոկտեմբերի մունիցիպալ ընտրություններից առաջ ընտրողների մասնակցությունը մոբիլիզացնելու Բոլսոնարուի  ունակության փորձությունն էր, չնայած Բրազիլիայի ընտրական դատարանը նրան արգելում է առաջադրվել մինչև 2030 թվականը: Սա նաև «X»-ի հարցով հանրաքվեի նմանակում էր, որի կասեցումը նույնիսկ Բոլսոնարուի որոշ հակառակորդների մոտ էր զարմանք առաջացրել՝ միաժամանակ բոցավառելով Բրազիլիայում խորը արմատացած քաղաքական բևեռացման կրակը, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

«Առանց ազատության երկիրը չի կարող որևէ բան տոնել այս օրը»,- սեպտեմբերի 4-ին Instagram-ի իր էջում գրել է Բոլսոնարուն՝ կոչ անելով բրազիլացիներին հեռու մնալ Անկախության օրվա պաշտոնական շքերթներից և փոխարենը միանալ իրեն Սան Պաուլոյում:

X սոցիալական ցանցն ավելի վաղ հայտնել էր, որ դադարեցնում է իր գործունեությունը Բրազիլիայում՝ բրազիլացի դատավոր Ալեքսանդր դե Մորաեսի «գրաքննության մասին կարգադրություններն» «անհապաղ ուժի մեջ մտնելու» պատճառով։

X-ը պնդում է, որ Մորաեսը գաղտնի սպառնացել է ձերբակալել ընկերության օրինական ներկայացուցիչներից մեկին Բրազիլիայում, եթե ընկերությունը չկատարի իր հարթակից որոշակի բովանդակություն հեռացնելու օրինական հրամանները:

Այնուամենայնիվ, ընկերությունը հայտնել է, որ X ծառայությունը հասանելի է մնում Բրազիլիայի բնակիչներին: