Հատուկ քննչական ծառայությունը չի հայտնում, թե նոյեմբերի 14-ին, ժամը 17-ի սահմաններում, Երեւանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածներ հասցնելու փաստի կապակցությամբ ովքեր են հարցաքննվել: NEWS.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՔԾ` փորձելով պարզել, թե օրինակ` պատգամավորներ Խաչիկ Մանուկյանը, Սամվել Սարգսյանը կամ այլ անձինք հարցաքննվե՞լ են, թե` ոչ:
Մեր հարցմանն ի պատասխան` հայտնեցին, որ Սիլվա Համբարձումյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում, «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել են 2011-ի նոյեմբերի 14-ին` ժամը 17-ի սահմաններում Երեւանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի սրճարանում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներն ու ներկա գտնվող անձինք»: Հարց է առաջանում` ովքե՞ր են ներկա գտնվող անձինք, երբ անմիջապես միջադեպից հետո կին գործարար հայտարարել է, որ միջադեպի ականատես է եղել «Մաքս գրուպ» կոնցեռնի սեփականատեր, ՀՀԿ-ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, սակայն գործարար- պատգամավորը հերքել էր, թե հարվածելու պահին ինքն այդտեղ է եղել: Բացի այդ, մեր հարցման մեջ նշել էինք կոնկրետ անձանց անուններ, օրինակ` հարցաքննվե՞լ են Խաչիկ Մանուկյանը, Սամվել Սարգսյանը եւ դրան այո կամ ոչ պատասխանելով` դժվար թե նախաքննական գաղտնիք բացահայտվեր:
Մեր մյուս հարցը վերաբերում էր նրան, թե «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցից վերցրե՞լ են դեպքի տեսագրությունը եւ ի՞նչ է դրանում պատկերված, ինչին, ի պատասխան, հայտնել են, որ «կատարվել է առգրավում եւ զննում»: «Ինչ վերաբերում է ձեռք բերված ապացույցների բովանդակությանը, ապա Ձեզ հետաքրքրող մյուս տվյալները, ինչպես նաեւ վարույթն իրականացնող մարմնի գնահատականները կհրապարակվեն նախաքննության ավարտից հետո»,- նշված է պատասխանի մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Սիլվա Համբարձումյանից ստացած գրավոր հաղորդման հիման վրա՝ ըստ որի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, նոյեմբերի 14-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածներ է հասցրել իրեն:Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ): Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:




























