Հունաստանի իշխանությունները 20 եվրոյի չափով հատուկ վճար կսահմանեն զբոսաշրջային նավի ուղևորների համար, որոնք ամռանը կժամանեն հանրաճանաչ Միկոնոս և Սանտորինի կղզիներ։ Դա անհրաժեշտ է այս տարածքներում զբոսաշրջիկների հոսքը կարգավորելու համար, ասել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

«Հունաստանը չունի գերզբոսաշրջության կառուցվածքային խնդիր: Տարվա որոշ շաբաթների կամ ամիսների ընթացքում որոշ ուղղություններով խնդիրներ կան, և մենք պետք է զբաղվենք դրանցով: Կռուիզային նավերը ծանրաբեռնում են Սանտորինին և Միկոնոսը, և այդ պատճառով մենք քայլեր ենք ձեռնարկում»,- կառավարության ղեկավարի խոսքերն է մեջբերում Kathimerini թերթը։

Վարչապետի խոսքով, զբոսաշրջային նավարկության հանգստյան հարկից ստացված եկամուտների մի մասը կփոխանցվի մունիցիպալ բյուջե՝ տեղական ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելու համար։ Բացի այդ, իշխանությունները մտադիր են սահմանափակել զբոսաշրջային նավերի քանակը, որոնք կարող են միաժամանակ ժամանել կղզիների նավահանգիստներ։ Միկոնոսը և Սանտորինին նաև կուժեղացնեն բնապահպանական վերահսկողությունը և կպայքարեն քաղցրահամ ջրի պակասի դեմ:

Էգեյան ծովում գտնվող Սանտորինի և Միկոնոս կղզիները զբոսաշրջության հայտնի վայրեր են: Տեղի սակավաթիվ բնակիչներով (ընդհանուր առմամբ մի քանի տասնյակ հազար մարդ) ամեն տարի նրանց այցելում են հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ։