Ուկրաինայի արտաքին գործերի նոր նախարար Անդրեյ Սիբիգան Վրաստանից հետ է կանչել դիվանագիտական առաքելության ղեկավար Միխայիլ Խարիշինին՝ «պատերազմող պետության դիվանագիտության իրողությունները լիակատար չհասկանալու» պատճառով։ Սիբիգան հայտնել է, որ իր գործուղումը Վրաստան դադարեցվել է, հայտնում է NGnewsgeorgia-ն։
Խարիշինը Վրաստանում աշխատել է որպես Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար։ Ուկրաինան Վրաստանում դեսպան չունի, նրան հետ է կանչել նախագահ Վլադիմիր Զելենսկին 2022 թվականի գարնանը։ Այն ժամանակ որպես պատճառ էր հայտարարվել պաշտոնական Թբիլիսիի պասիվ դիրքորոշումը Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժման մեկնարկից հետո։





























