2010 թ.-ի հունվարի մեկից 10 տարուց ավելի տարիք ունեցող մարդատար մեքենաները չեն կարող տաքսի ծառայությունում շահագործվել։ Այս մասին նոյեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը։ «Այս տարի մենք ընդառաջեցինք 10 տարուց ավելի տարիք ունեցող մեքենաների սեփականատերերին եւ թույլ տվեցինք, որ նրանք եւս մի քանի ամիս շարունակեն տաքսի ծառայություն մատուցել, բայց դա կվերացվի հաջորդ տարվանից»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ տաքսու սեփականատերերին այս ընթացքում հնարավություն էր տրվել նոր մեքենաներ ձեռք բերել։

Գ.Սարգսյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ 10 տարուց ավելի հին տաքսիների քանակը մոտ 2500 է, եւ եթե դրանց սեփականատերերը չնորացնեն մեքենաները, ապա եկող տարեսկզբից իրավունք չեն ունենա տաքսի ծառայություն մատուցել։

Ըստ նախարարի՝ մեքենաների նորացման գործընթացն արդեն սկսվել է, մոտ 8 հարյուր սեփականատեր նոր մեքենաներ են գնել, եւ շարունակում են տաքսի ծառայություն մատուցել։

Հիշեցնենք, որ այս տարի կառավարության որոշման համաձայն 10 տարուց ավելի հին մեքենաներ ունեցողները չէին կարող այն շահագործել տաքսի ծառայության մեջ։ Որոշումը բողոքի ալիք բարձրացրեց հատկապես անհատ տաքսու վարորդների շրջանում, ովքեր պատճառաբանում են, որ սեփական մեքենայով փորձում են օրվա հացի խնդիր լուծել։