Հնդկաստանում օձ հմայողը հարկային տեսչության աշխատակիցների վրա թունավոր օձեր է բաց թողել, այդ թվում` մի քանի կոբրա: Գերատեսչության այցելուների եւ աշխատակիցների մի մասը փողոց է վազել, մյուսները բարձրացել են սեղանների եւ պահարանների վրա, բայց ամբողջ օրվա ընթացքում գերատեսչության շենքում օձերին են որոնել, գրում է «Segodnia.ua»-ը:
Խմբագրության տեղեկացմամբ` օձ հմայող Հաքուլը միշտ գյուղացիներին օգնության է հասել, երբ ինչ-որ մի տեղ օձ է հայտնվել: Նա դիմել է իշխանություններին` խնդրելով իրեն հողատարածք տրամադրել տեռարիումի համար, նույնիսկ խնդրագիր է գրել նախագահին եւ, ըստ իր խոսքի, ստացել է բարձրագույն ղեկավարության հավանությունը, սակայն տեղի իշխանությունները ձգձգում են հարցի մասին որոշում կայացնելը:
Երկարատեւ սպասումներից զայրացած հմայողը աջակցող խմբի հետ ուղեւորվել է հարկային տեսչություն եւ պայուսակից ազատ արձակել թունավոր օձերին: Ականատեսների վկայությամբ` լիակատար խուճապ է սկսվել, ներկաներից ոմանք փորձել են տեղի ունեցածը նկարահանել բջջային հեռախոսներով, ոմանք փորձել են օձերին ծածկոցով ծածկել, մյուսներն էլ փայտերով զինված սկսել են փնտրել Հաքուլին, բայց նրան հաջողվել է փախչել:




























