Աֆղանստանում ներում են շնորհել 12 տարվա ազատազրկման դատապարտված երիտասարդ կնոջը, որին ձերբակալել էին բռնաբարության ենթարկվելու համար: Դիտորդները նշում են, որ մուսուլմանական երկրի համար դա մեծ առաջընթաց է:

Նախագահ Համիդ Քարզայը Գյուլնազ անունով կնոջը ներում է շնորհել առցանց խնդրագրի հիման վրա, որը ստորագրել է 6000 մարդ, տեղեկացնում է Reuters-ը:

Նախագահի մամուլի ծառայությունում վստահեցրել են, որ նրա ազատման համար ոչ մի պայման չի ներկայացվել:  Համաձայն այլ տեղեկությունների` պաշտոնյաները  պահանջում են, որպեսզի «իրեն վարկաբեկած կինը»  ամուսնանա իր նկատմամբ բռնություն կիրառած տղամարդու հետ: Հաղորդվում է, որ տղամարդը եւս պատիժ է կրում. նրան 7 տարվա ազատազրկման են դատապարտել: Ըստ պաշտոնյաների` աղջիկն արդեն համաձայնություն է տվել, բայց տղամարդու որոշումը, որը նրա զարմուհու ամուսինն է, առայժմ անհայտ է:

Ընդ որում, աղջիկը վտանգի է ենթարկվում, քանի որ «նրա պատճառով բանտում հայտնված» տղամարդը կամ նրա հարազատները կարող են վրեժ լուծել: Բայց նա այլ ելք չի տեսնում, քանի որ, ամուսնությունից հրաժարվելու դեպքում, համաձայն տեղի ավանդույթների, ինքն ու իր երեխան մերժված կլինեն հասարակության կողմից, իսկ իր ընտանիքին կդադարեն հարգել:

Գյուլնազի հետ կապված միջադեպը կատարվել է երկու տարի առաջ, երբ նա 19 տարեկան է եղել: Սկզբում աղջիկը ոչ ոքի չի հայտնել պատահածի մասին: Նա խոստովանել է միայն այն ժամանակ, երբ պարզվել է, որ հղի է: Իր դստերը Գյուլնազը բանտում է ծննդաբերել, գրում է NEWSru.com-ը:

 «Ուժի գործադրմամբ կատարված ամուսնական դավաճանության համար» նրան դատապարտել էին 12 տարվա ազատազրկման: