Դերսիմյան արխիվները բացելու հարցում որեւէ խնդիր չկա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, դեկտեմբերի 1-ի երեկոյան Youtube world view-ի միջոցով պատասխանելով ինտերնետ օգտագործողների հարցերին:

Հարցին, թե դերսիմյան դեպքերի հետ կապված աշխատանքներ իրականացվո՞ւմ են՝ բացելու ԶՈՒ գլխավոր շտաբի արխիվները, Թուրքիայի նախագահը պատասխանել է. «Մեր պատմությունը մեծ պատմություն է։ Պատմության ընթացքում եղած կլինեն թե քաղցր, թե դառը ժամանակաշրջաններ։ Դերսիմյան դեպքերն էլ շատ տխրեցնող իրադարձություններ են։ Դրանք չեն համապատասխանում մարդու խղճի եւ մարդու իրավունքների պաշտպանության չափանիշներին։ Դա իմ կարծիքն է։  Կարծում եմ՝ դրանց հետ կապված արխիվների բացման մեջ որեւէ խնդիր չկա։ Մեծ երկրները, պետությունները, ազգերը իրենց պատմությունից չեն վախենում։ Մենք սա բացահայտ ենք ասում։ Ավելի վիճելի հարցերում էլ ենք մեր արխիվները բացում»,-ասել է Թուրքիայի նախագահը։

Նշենք, որ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, թե եթե պետք լինի, Դերսիմի կոտորածների համար ինքը պետության անունից ներողություն կխնդրի եւ խնդրում է։ Նա Դերսիմի կոտորածների համար մեղադրել էր «Ժողովրդա-հանրապետական»-ին՝ պնդելով, որ այն ժամանակ այդ կուսակցությունն է եղել իշխանության։

Հիշեցնենք, որ Դերսիմի ապսամբությունը թուրքական իշխանությունները արյան մեջ են խեղդել՝ վերացնելով հազարավոր գյուղեր։ Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ Դերսիմի կոտորածներին զոհ է գնացել մինչեւ 100 հազար հոգի։

1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկված, եւ Դերսիմի տարբեր գյուղերում պատսպարված հազարավոր հայերը 1938-ին կրկնակի ցեղասպանության ենթարկվեցին։