Իսրայելի Պաշտպանության բանակը պետք է օկուպացնի Լիբանանի հարավային մասը՝ «Հեզբոլլահի» դեմ «անվտանգության միջանցք» ստեղծելու նպատակով, Maariv թերթին տված հարցազրույցում ասել է Քնեսեթի «Լիկուդ» կուսակցությունից պատգամավոր Արիել Կելները։
Կոալիցիայի պատգամավորը կոչ է արել իր խմբակցության ղեկավար, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի գլխավորած կառավարությանը լուծել լարվածությունը հյուսիսային սահմանի երկայնքով՝ նվաճելով լիբանանյան հողերը՝ սահմանից մինչև Լիտանի գետ: «Մեր իրականությունն այլևս չի կարող մնալ այնպիսին, ինչպիսին կա. Միակ անխուսափելի եզրակացությունն այն է, որ ներկայիս սահմանը հյուսիսում անկայուն է»,- ասել է Կելները:
Ըստ նրա, Իսրայելի և Լիբանանի միջև այսօրվա սահմանը սահմանափակում է կառավարության հնարավորությունը՝ «ապահովելու հյուսիսային Իսրայելի բնակիչների անվտանգությունը»։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն իսրայելական զինվորականները, որպեսզի վերացնեն հյուսիսային Իսրայելի համար «Հեզբոլլահի» սպառնալիքը, Կելներն ասել է, որ Իսրայելն ընդամենը երկու տարբերակ ունի:
«Կամ մենք ստեղծում ենք «անվտանգության գոտի»՝ վերահսկելով Լիտանի գետը, կամ Իսրայելի հյուսիսում կյանքն այլևս չի կարող պահպանվել»,- ասել է նա։





























