ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հաստատել է նախկին նախագահ և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի գոլֆի ակումբի մոտ կրակոցների փաստը և սերտորեն համագործակցում է իշխանությունների հետ և հետաքննում իրավիճակը, հայտնում է Fox News-ը։

«Գաղտնի ծառայությունը Փալմ Բիչ շրջանի շերիֆի գրասենյակի հետ հետաքննում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պաշտպանության հետ կապված միջադեպը, որը տեղի է ունեցել ժամը 14․00-ից քիչ առաջ: Նախկին նախագահը ապահով է»,- հաստատել է գործակալությունը X  սոցցանցում հրապարակած հաղորդման մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը  հայտարարել էր, որ Թրամփը «անվտանգ է նրա անմիջական հարևանությամբ հնչած կրակոցներից հետո»։

«Նախագահ Թրամփը ապահով է այն բանից հետո, երբ նրա մերձակայքում կրակոցներ են հնչել։ Այս պահին այլ մանրամասներ չկան», - ասել է Թրամփի նախընտրական շտաբի խոսնակ Սթիվեն Չունգը:

Հաղորդվում է, որ ԱՄՆ նախկին նախագահը գոլֆ էր խաղում Ուեսթ Փալմ Բիչում գտնվող Trump International Golf Club-ում: Դաշտն անմիջապես փակվել է, հայտնել է ծանոթ աղբյուրը։

Ինչպես հայտնում է New York Post-ը, Թրամփի գոլֆի ակումբի մոտ երկու հոգու միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, և նրան ոչ մի վտանգ չի սպառնում։