Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ։ Նույնը վերաբերում է նաեւ նրա սահմաններին։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ սեպտեմբերի 16-ին ասել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը՝ հնչեցնելով ընդդիմության դիրքորոշումը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։

Պատգամավորից, մասնավորապես, հետաքրքրվել են, թե ով պետք է, նրա կարծիքով, ապահովի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» անվտանգությունը տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում՝ Հայաստա՞նը, թե՞ Ռուսաստանը։ «Այդ հարցը դուք պետք է տաք ոչ թե ինձ, այլ նրան, ով ստորագրել է համապատասխան թուղթը։ Ես չեմ խոսում այն մասին, թե ինչ է գրված այնտեղ։ Ես միայն ասում եմ. նախքան ինչ-որ բան գրելը կամ ստորագրելը անհրաժեշտ է ամեն բան ինչպես հարկն է հաշվի առնել։ Երկրի փաստացի ղեկավարը մի վատ սովորություն ունի. ստորագրել այն ամենը, ինչ տալիս են ստորագրելու։ Այդ գործընթացը պետք է ամրացվի տրամաբանությամբ, որը հետագայում չի ենթարկվի քննարկման»,- ի պատասխան ասել է Մամիջանյանը։

Պատգամավորը տարակուսանք է հայտնել միջանցքի պահպանման գործառույթները պահպանության մասնավոր ընկերությանը հնարավոր փոխանցելու առիթով։