Եկեղեցին որևէ մեկի առջև ոչ կխոնարհվի, ոչ ծնկի կգա՝ բացի մեր տիրոջից ու Աստծուց: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին, որ եկեղեցականներին պետք է ծնկի բերեն։
«Եթե Աստծո առջեւ չեք խոնարհվում, ստիպված պետք է լինեք խոնարհվել մարդու առջեւ, ընտրությունը ձերն է. մենք ընտրել ենք Աստծո առջեւ խոնարհվելու ուղին: Տարբեր պատմական շրջաններում փորձել են մեր Եկեղեցին ծնկի բերել, բայց ինչպես տեսնում եք՝ Հայ առաքելական եկեղեցին մեր ազգի պես հարություն է առնում: Թող մտահոգվեն նրանք, ովքեր չեն խոնարհվում ու ծնկի չեն գալիս Աստծո առջև»,-ասաց նա:
Անմդրադառնալով Հայաստանում 2018-ին տեղի ունեցած դեպքերին, Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ասաց. «Ոչ մի բան միանգամից չի ծնվում, այդ հեղափոխություն կոչվածն էլ միանգամից չի ծնվել, այլ ժամանակների ընթացում հասունացել է եւ այդ ընթացքում մենք շատ լավ գիտեինք, թե խոցելի տեղերը որոնք են, որոնցից մեկը Հայ եկեղեցին պետք է լիներ: Դա իրենց ծրագրի մի մասն է կազմում:
Եթե հիշենք, բոլոր հեղափոխություններից հետո եկեղեցու նկատմամբ նոր իշխանությունները որոշակի վերաբերմունք են ունեցել, որովհետեւ վախ են ունեցել կիսելու Եկեղեցու հետ միասին իրենց իշխանություն կոչվածը: Նրնք չեն հասկանում, որ Եկեղեցու իշխանությունն այս աշխարհից չէ: իսկ իրենց պատկերացրած իշխանությանը մենք երբեւէ չենք ձգտի:





























