Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շնորհավորական հայտարարություն է տարածել` կապված ԼՂՀ անկախության հանրաքվեի տարեդարձի հետ:
Այտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«1991 թվականի դեկտեմբերի 10-ին հերոս արցախահայության կողմից Անկախության հանրաքվեի ընդունման փաստով արձանագրվեց Հայկական երկրորդ պետության կայացման պատմական նշանակության օրը:
2011 թվականի դեկտեմբերի 10-ին միջազգային հրապարակում բովանդակ հայության կողմից հայկական երկրորդ պետության անկախության 20-ամյակի համահայկական նշումը որպես համազգային տոն բոլորիս ցանկությունն է:
Արցախի ազատագրման բեկումնային հաղթանակը եւ 20-ամյա անկախության մեծագույն խորհուրդը հայ ժողովրդին համախմբելու եւ հայկական բնօրրանում որպես ազատ ու արժանապատիվ քաղաքացիներ ապրելու կարեւորագույն առաքելության իրականացման համար ոչ միայն պետք է տոնենք համահայկական այդ իրադարձությունը, այլ նաեւ պետական ծրագրով կյանքի կոչենք ազատագրված հայրենիքի բոլոր տարածքների վերաբնակեցումը:
Այսօր մեր սերնդին ընձեռվել է հնարավորություն` կազմակերպելու հայրենաշեն ազգահավաքը հայկական երկու պետություններում, որոնք կազմում են 42000 քառակուսի կիլոմետր, ինչն էլ իր հերթին նաեւ հիմք կծառայի մեր ամբողջական հայրենիքը ազատագրելու համար:
Աններելի եւ դատապարտելի է բոլորիս վարքագիծը, երբ հայկական երկու պետությունների անկախության 20 տարիների ընթացքում շուրջ մեկուկես միլիոն հայ քաղաքացի հեռացավ իր անկախ պետությունից, եւ այդ կործանարար ծրագիրը դեռ շարունակում է գործել:
Անկախության այս տարիներին հայ մարդուն այդպես էլ հասու չդարձավ անկախ հայկական պետության ազատ ու արժանապատիվ քաղաքացի լինելու, այդ պետությունը` իրեն, եւ ինքը` այդ պետությանը պատկանելու զգացողությունը:
Ունենք ազատագրված հայրենիքի մի մաս, բայց չունենք ազատագրված քաղաքացիներ: Գործող գերկենտրոնացված միանձնյա նախագահական կառավարումը ստեղծեց այնպիսի իրավիճակ եւ պայմաններ, որ հայը իր հայրենիքում իրեն զգա օտար եւ ոչ քաղաքացի:
Հայկական քաղաքակրթությունը վերացնելու ոճրագործության հետեւանքով շուրջ մեկուկես միլիոն հայ ցեղասպանվեց եւ միլիոնավորները հայրենազրկվեցին, բայց մենք կարողացանք մեր քաղաքակրթության շնորհիվ ունենալ շրջադարձային Արցախյան հաղթանակ:
Մենք հավատում ենք` կրկին մեզ ուժ եւ իմաստություն է տալու մեր ժողովրդի քաղաքակրթությունը` ազատագրելու հայ քաղաքացուն, վերադարձնելու նրան իր իրավունքները: Ինչպես տոնում ենք դեկտեմբերի 10-ը որպես Արցախի անկախության օր, ինչպես նշում ենք դեկտեմբերի 10-ը որպես մարդու իրավունքների պաշտպանության օր, այնպես էլ համոզված ենք` նշելու ենք հայկական պետության պատկանելությունը մեզ, եւ մեր պատկանելությունը` նրան:
Շնորհավոր դեկտեմբերի 10, սիրելի հայրենակիցներ»:




























