Հունգարիան որոշակի ժամկետում չի սկսել իրականացնել ԵՄ Արդարադատության դատարանի հունիսի որոշումը, որով նրան 200 միլիոն եվրո տուգանք է նշանակվել ապաստանի ԵՄ ընթացակարգերից շեղվելու և երկրում ապօրինի գտնվող անձանց վտարման համար, իսկ հիմա Հունգարիայից սկսում են գանձել տուգանքի գումարն ու կուտակված տույժերը։

Դրա մասին ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ուժվարին։

Ուժվարիին հարցրել են, թե Եվրահանձնաժողովը որոշակի ժամկետում Հունգարիայից որևէ արձագանք ստացե՞լ է ԵՄ Արդարադատության դատարանի որոշման առնչությամբ։ Բալաշ Ուժվարին պատասխանել է, որ Հունգարիայի համար ժամկետը լրացել է նախօրեին, և Եվրահանձնաժողովն անցնում է ընթացակարգի հաջորդ քայլին։

«Այսինքն՝ մենք հիմա ծրագրում ենք ԵՄ բյուջեից Հունգարիայի համար նախատեսված ապագա վճարումներից 200 միլիոն եվրո պահել»,- նշել է նա։

ԵՄ Արդարադատության դատարանի որոշումը նախատեսում էր ոչ միայն տուգանքի հիմնական չափը, այլ նաև լրացուցիչ 1 միլիոն տուգանք՝ որոշման անտեսման յուրաքանչյուր օրվա համար։ Նախնական փուլում Եվրահանձնաժողովը պետք է պաշտոնապես համոզվեր, որ հարցը դեռ լուծված չէ։ Հունգարիան մինչև սեպտեմբերի 13-ը պետք է պատասխաներ։

«Քանի որ Եվրահանձնաժողովը Հունգարիայի իշխանություններից որևէ պատասխան չի ստացել, ստիպված եղանք ընթացակարգի հաջորդ քայլն անել, ինչը գործնականում նշանակում է, որ մենք ուղարկել ենք վճարման առաջին հարցումը 93 օր ժամկետով. հունիսի 13-ից, երբ Դատարանը տուգանքը նշանակել է մինչև սեպտեմբերի 13-ը»,- պարզաբանել է նա։

Բուդապեշտը տուգանքը վճարելու համար ունի 45 օր՝ 93 օրում պետք է 93 միլիոն եվրո տուգանք վճարի։