Նկարիչների միությունում, այսօր` դեկտեմբերի 3-ին, տեղի է ունեցել ուսանողական մրցույթ-ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումը կազմակերպել են Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը եւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։
Մրցույթ-ցուցահանդեսի բացմանը մասնակցել են գեղարվեստի պետական ակադեմիայի լավագույն ուսանողները, որոնք մասնակցել են բազմաբնույթ ցուցադրությունների, միջազգային մրցույթների, ունեցել են անհատական ցուցահանդեսներ։
Գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի, գրաֆիկայի, քանդակի եւ կերամիկայի բաժիններում սովորող ուսանողները ներկայացրին իրենց ստեղծագործությունները։ Տեղի ունեցավ նաեւ բուհի մոդելավորման բաժնում սովորող ուսանողների հագուստների ցուցադրություն։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը կարեւորել է նման միջոցառումները, քանի որ ստեղծագործող երիտասարդները դեռ ուսանողական տարիներից պետք է հնարավորություն ունենան ցուցադրելու իրենց աշխատանքները։ Նա տեղեկացրել է, որ պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից ընտրված լավագույն աշխատանքները խրախուսվելու են. մրցանակներ կհանձնվեն «Լավագույն նկար» (3 մրցանակ), «Լավագույն քանդակ» (2 մրցանակ) եւ «Լավագույն հագուստ» (1 մրցանակ) անվանակարգերում։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ դեկտեմբերի 7-ը։




























